ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ «ԷԿՈԼՈԳԻԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ»

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ ԷԿՈԼՈԳԻԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ

Կատարող՝ ԱՐԵՎ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ                                                                     

Դասավանդած առարկան՝ կենսաբանություն, քիմիա                      

Խորհրդատու՝ ՇՈՒՇԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԷԿՈԼՈԳԻԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ

ՆԱԽԱԲԱՆ                          

Կա մեծ դրական համաշխարհային փորձ կայուն էկոլոգիական զարգացման ուղղությամբ, որը պետք է անպայման կիրառվի Հայաստանում։ Մենք ամբողջի մասն ենք ու կայուն զարգացման ուղղությամբ պետք է համագործակցենք նման փորձ ունեցող երկրների հետ։ Կայուն զարգաման խրախուսումը պետք է սկսվի մանկապարտեզից ու դպրոցից։ Երեխան մանկուց պետք է կարևորի շրջակա միջավայրի պահպանությունը։

                                           Կարինե Դանիելյան

                                   «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿի նախագահ

      Ուսումնական աշխատանքային առօրյա գործընթացում սկսում ես հասկանալ, որ աշակերտին միայն դասագրքային եզրույթները սերտել տալով որևէ կերպ չես կարող, որպես ուսուցիչ, իր մեջ հետաքրքրություն առաջացնել առ բնությունն ու կենդանի աշխարհը։ Աշակերտը պետք է ոչ թե գրքի լուսանկարներով ճանաչի իր շրջապատը, այլ իրական բնական միջավայրում սովորի, բնությունից ներշնչվի։ Այդ խնդիրը միգուցե ոչ այդքան սուր է դրված գյուղաբնակ դպրոցում դասավանդող ուսուցչի առջև։ Չէ՞ որ երեխան ակամայից շփվում է հող ու ջրի, ծառ ու ծաղկունքի, կենդանիների հետ, սովորում է նրանց հանդեպ պատասխանատվություն կրել նրանց համար, հասկանալ հոգատարության կարևորությունն ու ոգեշնչվել բնությամբ։

      Այլ բան է դասավանդել կենսաբանություն քաղաքային միջավայրում, որտեղ երեխաները մեծանում են բետոնապատ բազմաբնակարանային շենքերում, հողից ու բնությունից կտված արհեստական միջավայրում, և դասավանդել այնպես, որ նրանք սովորեն սիրել բնությունն ու զարգացնել նրանց մատաղ սրտերում սերն առ հայրենի բնությունը։ Առարկայական գիտելիքները նրանք կարող են վարժ յուրացնել, բայց ինչ որ բան պակասում է նրանց ներաշխարհում և մենք’ կենսաբանության ուսուցիչներս շատ կարևոր գործ ունենք անելու այդ բացը լրացնելու համար։

        Այս բացը լրացնելու համար ուսուցիչը պրպտուն միտք պետք է ունենա, չի կարելի անտեսել կենսաբանություն դասավանդելիս էկոլոգիական մտածողության զարգացումն աշակերտների մոտ։

        Ուզում եմ կիսվել սեփական փորձով, որը ձեռք եմ բերել երկար տարիների աշխատանքի ընթացքում Ս. Խանզադյանի անվան թիվ 184 սկզբից միջնակարգ, հետո ավագ դարձած դպրոցում։

ԷԿՈԼՈԳԻԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ

Կրթական գործընթացը հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու իմ ջանքերը հաճախ են խոչընդոտների հանդիպել’ երեխաների անտարբերություն, ցանկությունների և հնարավորությունների անհամապատասխանություն, ղեկավարության անհիմն մտահոգություն… Բայց ուսուցիչը, եթե որոշել է մնալ հանրակրթական դպրոցում և իր մասնագիտական աշխատանքը սիրով ու պատշաճ կատարել, դրա համար պետք է նպատակասլաց լինի ու իմաստնաբար հարթի խնդիրները, որոնք ծառանում են իր առջև։

      Պետք է հասկանալ, թե ինչու՞ է անտարբեր աշակերտը։ Ո՞ր երեխային դուր կգա, եթե իրեն կտրեն իր հետաքրքիր խաղից ու նստեցնեն սեղանների շուրջն ու բնությունը սեփական զգայարաններով զգալու փոխարեն պարտադրեն բավարարվել դասագրքերով։ Կրածում եմ, որ իրենց անտարբերությունը հենց այստեղից էլ սկսվում է’ բնությունից կտրված երեխան կամ դառնում է անտարբեր, կամ ագրեսիվ։ Ահա հենց այսպիսի երեխաներ էլ ունենք, ցավոք։ Խնդրի լուծումը քաղաքային միջավայրում ապրող երեխայի համար ես գտա մեր դպրոցամերձ այգու բարեկարգման աշատանքներին ներգրավելով։

2008 թվականին ՄԱԿ-ի «Ռուսալ Արմենալի» կողմից կազմզկերպված «10 դպրոցական նախագիծ» մրցույթին մեր ծրագիրը ճանաչվեց հաղթող և դպրոցն ունեցավ ֆինանսական հնարավորություն աշակերտների հրաշալի գաղափարը կյանքի կոչելու։

       Մեր «Էկոլոգիական դաստիարակության ծրագիրը» միտված էր դպոցամերձ այգում տնկարանի ստեղծմանը, ինչի համար մեզ պետք էր ոռոգման շարքից դուրս եկած համակարգը վերականգնել։ Ինչպես նաև աշակերները բարձրացրել էին Գետառի մաքրման հիմնահարցը, որը մեր և ՄԱԿ-ի ակտիվ ջանքերով դարձավ հանրային խնդիր ու քաղաքային իշխանությունները վերջապես դրան ուշադրություն դարձրեցին։ Հղում։

Մեր դպրոցում էկոլոգիան դարձավ կրթության բաղկացուցիր մաս։

       ԻՆձ համար ամենակարևոր ձեռքբերումը աշակերտների փայլող աչքերն էին, նրանց ոգեշնչված ջանքերը այգին խնամելիս։ Բավարարվածության անսահման զգացողություն ես ունենում, երբ քո աշակերտները սկսում են զգալ հողի սերը և տեսնում են, թե ինչպես են իրենց ջանքերը ծլարձակում։ Միգուցե շատերը չհասկանան և չգնահատեն քո ջանքերը, նեղվեն, որ աշակերտները քո դասից այնքան են աշխուժացել, որ մյուս դասերին էլ չեն կարողանում հանգիստ նստել, ցանկանում են իջնել այգի, բայց մի բան պիտի հասկանանք, որ դասարանական մեթոդով դասավանդումն արդեն իր տեղը պետք է զիջի հետազոտական աշխատանքներին, ինչը ուրախությամբ կարող եմ նշել, որ դառնում է կրթության գլխավոր բաղկացուցիչ մաս։ Բոլոր առարկաների դասավանդման հիմքում պետք է լինի էլոլոգիական մտածողությունը։ Մարդը պետք է իր տուն-մոլորակին խնամքով վերաբերվի։

ՀՀ-ՈՒՄ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐ

    Այսօր Երևանաբնակ երեխան իր սեփական մաշկի վրա է զգում էկոլոգիական աղետալի վիճակը։ Ամենուր փոշի, աղբ, արտանետումներ, աղմուկ, լարված կյանք, բուսածածկից համարյա զուրկ միջավայր։ Ամենուր ասֆալտ ու ավտոտնակներ, խաղահրապարակների սահմանափակ քանակ ու արդյունքում նա նախընտրում է զբաղմունք գտնել տանը’ համակարգչի առջև։ Սա էլ մարդկային կենսակերպի ու հոգևոր աշխարհի էկոլոգիական աղետ է, ինչին դատապարտել ենք մեր սերնդին։ Արդյոք նա մեղավո՞ր է, որ պիտի տուժի մեր անգրագետ էկոլոգիական վերաբերմունքից։

     Այսօր Հայաստանը շատ լուրջ էկոլոգիական մարտահրավերների առջև է կանգնած։ Ամենուր անտառահատումները, հանքարդյունաբերությունն ու անկառավարելի շինարարությունը իրենց կնիքն են թողնում մեր սաների հոգում և առողջության վրա։ Դրան ավելացան  նաև համամոլորակային կորոնավիրուսային համաճարակն ու վերջին աղետալի պատերազմն իր բազում արհավիրքներով, խեղված ճակատագրերով ու հոգեկան ընկճվածությամբ։ Այս ամենը աշակերտներն իրենց մաշկի վրա զգացին։ Նման ծանր ցնցումից դուրս գալու հնար էր պետք ու երբ հեռավար դասերն ավարտվեցին, դպրոցում տեսանք տխուր ու անտրամադիր երեխաների, ովքեր կարծես կորցրել էին ներքին կայծը։ Աշակերտներին պետք էր բնության հետ կապել ու քաղաքաբնակ երեխաները, որ բահ բռնել էլ չգիտեին, շատ դժվարացան սկզբում հողի հետ աշխատանքներում։ Պետք էր խրախուսել այդ աշխատանքներին մասնակցելը։ Մենք ունեինք դպրոցամերձ ազատ տարածքներ, որտեղ միայն խոտածածկ էր աճում և երեխաների հետ համատեղ քննարկման արդյունքում միտք ծնվեց, որ այդ հատվածներում ծաղիկներ աճեցնենք, ինչը մեր աչքը կշոյի ու կգեղեցկացնի իրենց առօրյան։ Ասվածն արված էր։ Մի քանի դասարանների նախաձեռնությունն այնքան վարակիչ էր, որ միացան համարյա բոլոր դասարանները։ Գարնանը սկսվեց ակտիվ վարդատունկը։ Մենք գտանք նաև համագործակից ընկերություն’  Armenia Tree Projekt, որը մեզ նվիրեց ոչ միայն վարդեր, այլև տանձենիներ, խնձորենիներ, դեղձենիներ’ ի հիշատակ մեր դպրոցի անմահացած հերոսների, որոնք տնկվեցին մեծագույն սիրով ու մինչ օրս սիրով խնամվում են մեր երեխաների կողմից։

     Մենք, որպես մեր համայքի փոքրիկ մասնիկ մեր լուման ենք դնում քաղաքի կանաչապատման գործում։ Եթե ամեն մի դպրոց կարևորի էկոլոգիական գրագիտությունը, ապա շատ արագ մեր նոր սերունդը կլուծի այն բոլոր խնդիրները, որոնց մենք նրանց դատապարտել ենք։ Աշակերտները իրենց իսկ փորձով սովորում են էկոլոգիական խնդիրների լուծման պարզ քայլերը, որոնք վստահ եմ, կկիրառեն իրենց հասուն կյանքում ևս, քանի որ ծառ ու ծաղիկ խնամած մարդու ներաշխարհն էականորեն փոխվում է «ասֆալտային մտածողություն» ունեցող մարդու համեմատ։

Նկարներ

         Նախորդ հիշատակածս էկոլոգիական ծրագրի շրջանակներում ևս մենք լուրջ հաջողություն գրանցեցինք, որը բավականին լավացրեց մեր թաղամասով հոսող Գոտառի վիճակը։ Աշակերտները քայլարշավ կատարեցին դեպի թաղապետարան, իրենց առաջարկությունները ներկայացրեցին թաղապետին և գետառի երկայնքով ցուցանակներ ամրացրեցին’ «ԱՂԲ ՉԹԱՓԵԼ, ԳԵՏԸ ՄԵՐ ՀՈՂԻ ԱՐՅՈՒՆԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳՆ Է»։

       Որոշ ժամանակ անց մեր աշակերտները փաստեցին, որ մեր ցուցանակներից բացի թաղապետարանն էլ է լուրջ ջանքեր գործադրել և գետին մոտ բնակատեղիներում աղբարկղեր են տեղադրվել ու առավել շատ աղբ թափվող վայրերը ցանկապատվել են։ Աշակերտները սեփական օրինակով տեսան, որ իրենք կարող են բան փոխել, եթե գիտակցում են իրենց գործի օգտակարությունը, իմացան, որ իրենք էլ են պատասխանատու իրենց շրջակա միջավայրի պահպանության համար։ Առանց այն էլ մենք ապրում ենք էկոլոգիապես ոչ բարենպաստ միջավայրում և ամեն բան պետք է անենք, որ Հայաստանի էկոլոգիական արդի խնդիրները ոչ թե շատանան, այլ լուծվեն։

        Մեր էկոլոգիական դաստիարակության նպատակն է, որ աշակերտը գիտակցի, որ ինքը ևս պատասխանատվություն է կրում իր շրջակա միջավայրի կայուն զարգացման համար ու ջանքեր պետք է գործադրի հնարավորինս մեղմելու դրանք և գտնի խնդիրների լուծման նոր ուղիներ։

     Կարծում եմ, որ մեր այս նախաձեռնությունն իր նպատակին ծառայեց ու այսօր մեր հանրակրթական դպրոցի սաները կարող են արժանիորեն իրենց գիտելիքներն ու էկոլոգիական փորձառությունը կիրառել իրենց կյանքում։

Մենք պատրաստ ենք մեր փորձով կիսվել նաև այլ դպրոցների հետ։ Շատ ուրախ կլինենք, որ մեր հաջողությունները վարակիչ լինեն և շատ դպրոցներ նման նախաձեռնությամբ հանդես գան։

ՀՐԱՇԱԼԻ Է, ԵՐԲ ԱՇԱԿԵՐՏԸ ՄԱՍ Է ԴԱՌՆՈՒՄ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԻն։ ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԼԻՆԵՆ ԱՅԴ ՀԱՐՑԸ ԿԱՐԵՎՈՐՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ, ԱՅՆՔԱՆ ՔԻՉ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ։

ԷԿՈԼՈԳԻԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ

      Ժամանակակից կրթական համակարգի բաղկացուցիչ մաս է էկոլոգիան։ Այսօր կա  էկոլոգիայի բազմաթիվ ուղղություններ։ Ցանկացած մասնագիտություն կամա թե ակամա առնչվում է էկոլոգիական հարցերի հետ և դպրոցից սկսած աշակերտը պետք է կարևորի էկոլոգիական մտածողությունը։ Ցանկացած գործ նախաձեռնելուց հաշվի առնի իր ստեղծած բարիքի ազդեցությունը բնական միջավայրի վրա։

      Երբ դասարանում հարցնում ես աշակերտներին, թե իրենք ի՞նչ դեր ունեն էկոլոգիական խնդիրները լուծելու գործում, սկզբում ենթադրում են, որ իրենք ոչ մի պարտականություն էլ չունեն, դա մեծերի գործն է։ Բայց երբ սկսում ենք քննարկումները և աշակերտները իրենց հայացքը սևեռում են իրենց ծանոթ շրջակա միջավայրի խնդիրներին, աստիճանաբար սկսում են հասկանալ, որ իրենք էլ անմասն չեն այդ խնդիրների գոյացումից ու սկսում են մտորել, թե ինչպե՞ս նվազեցնեն իրենց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

      Երբ աշակերտները հասկանում են, թե ինչպես է իրենց օգտագործած դեզադորանտի աէրոզոլը սենյակից բարձրանում ու հասնում օզոնային շերտ և քայքայում այն, սկսում են մտածել այն այլ նյութերով փոխարինելու մասին։ Եթե շուրջ ութ միլիարդ մարդկանցից թեկուզ կեսն օրական բարձր ճնշման տակ լցված աէրոզոլային հոտավետ նյութ օգտագործի, դրանց հանրագումարը տոննաների կհասնի և ամեն մեկն իր բացասական լուման կներդնի այդ գործում։ Երբ աշակերտին բերում ես այդ օրինակը, սկզբից տարակուսում է, հետո անհանգստանում, բարկանում, որ իշխանությունները թույլատրում են նման նյութերի արտադրությունը, հետո սկսում է մտածել անվնաս փոխարինիչների մասին։ Նա գիտակցում է, որ ինքն էլ կարող է իր մեկ արարքով դառնա բնության պաշտպան և նպաստի երկրի կայուն զարգացմանը։

       Հաջորդ օրինակը, որ մենք քննարկում ենք և դարձնում հետազոտական աշխատանքի հիմք, դա պլաստիկի վերամշակումն է։ Այդ մասին նրանք այնքան են լսել, որ ուսուցչի բացատրելու կարիքը չկա։ Այստեղ օգնության է գալիս իրենց բիզնես հետաքրքրությունը խթանելու միտումը։ Երբ աշակերտին ասում ես, որ նավթից ստացված այդ կիրառական նյութը արժեքավոր է’ մեկ պլաստիկե շշի ինքնարժեքը մոտ երեսուն դրամ է, իրենք կարող են հաշվել, որ Երևանում մոտավորապես քանի՞ պլաստիկե շիշ է թափվում աղբանոց, որը եթե վերամշակեն, հսկայական օգուտ կունենան և հետն էլ շրջակայքը չեն աղտոտի։

      Աշակերտների հետ գործնական աշխատանքի շրջանակում մենք ֆլեշ-մոբ ենք կազմակերպում’ «Պլաստիկը փող է և նրա տեղը տեսակավորման տարայում է» խորագրով։ Աշակերտները իրենց օգտագործած պլաստիկե շշերը ողջ տարվա ընթացքում հավքում են, ու տեսակավորում, գրում են իրենց ապրումների մասին ու կարևորում իրենց գործը։ Մեկ տարի անց տեսնում ես իրենց էվոլյուցիան’ սկզբից թերահավատ են լինում, անգամ ծաղրում են այն աշակերտներին, ովքեր պլաստիկ են հավաքում, հետո իրենք էլ են ներգրավվում ու վերջում բոլորը դառնում են այդ գաղափարի ջատագովներ։

    Տարիներ առաջ էլ մի շատ հետաքրքիր երիտասարդ ունեինք’ Մելքոնյան Անդրեյը, ով ավելի առաջ գնաց ու պլաստիկե շշերը հալեցնում էր ավազի հետ խառնելով, լցնում կաղապարների մեջ ու դարձնում սալիկնետ, որ սալիկապատեինք դպրոցամերձ այգու արահետները։ Այդ փորձը նա ներկայացրեց նաև միջազգային էկոլոգիական մրցույթում և շնորհակալագիր ստացավ։ Այսօր մենք կարդում ենք, որ Կանադայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի ճանապարհաշինության մեջ պլաստիկ են օգտագործում մազութի փոխարեն։ Մենք պետք է նաև սովորենք մեր աշակերտների գյուտերը պաշտպանել և օգնել նրանց, որ ձեռք բերեն հեղինակային իրավունք։ Սա մեր թերացումն է, որ չենք կարողանում մեր լավ կողմերը ճիշտ մատուցել և պաշտպանել մեր հեղինակային իրավունքները։ Անդրեյը նաև հետաքրքիր գաղափար էր առաջ քաշել՝ օվկիանոսում կուտակված պլաստիկը ավազի հետ խառնելու և բետոնային արգելապատնեշներ սարքելու առումով, որոնք քաղաքները կպաշտպանեին ալիքների հարվածներից, իսկ օվկիանոսը չէր աղտոտվի։

       Էկոլոգիան որպես կրթական գործիք օգտագործում ենք նաև բանավեճի ակումբի շրջանակներում։ Մեր դպրոցը համագործակցում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդոըթյունը ներգրավված հասարակությունում» ծրագրի հետ և մեր բանավեճի բազում թեմաներ բնապահպանական խնդիրներ են վեր հանում։ Բանավեճը, որն ընթանում է միջազգային ֆորմատով և հստակ կանոններով, աշակերտներին օգնում է ցանկացած խնդրին նայել տարբեր տեսանկյունից։ Նրանք սովորում են հիմնախնդիրների լուծման ուղիներ փնտրել, փնտրել փաստեր, կատարել գրագետ փաստարկումեր, հիմնավորել իրենց պնդումներն ու փոխշահավետ համաձայնության գալ։

      Ժամանակակից էկոլոգիան ունի մի շարք ուղղություններ, որոնց աշակերտն իր կյանքի ընթացքում անպայման առընչվելու է։ Նշենք դրանցից մի քանիսը հատկապես կարևոր են Հայաստանում’

  • Ընդերքի պահպանության էկոլոգիա
  • Ջրաճահճային հանդակների կառավարման էկոլոգիա
  • Բնական ռեսուրսների կառավարման էկոլոգիա
  • Ագրոէկոլոգիա
  • Գյուղատնտեսական էկոլոգիա
  • Ձկնաբուծական էկոլոգիա
  • Քաղաքների նախագծման և քաղաքային էկոլոգիա
  • Համայնքների առողջության էկոլոգիա
  • Կանաչ տնտեսագիտության էկոլոգիա
  • Մարդու էկոլոգիա

         Այս բոլոր բնագավառները կարևոր են կայուն զարգացման համատեքստում և դպրոցը, որպես կարևորագույն օղակ չպետք է անմասն մնա այս հարցում։

        Մենք սիրով կհամագործակցենք «Մխիթար Սեբաստացի» հեղինակային կրթական կենտրոնի հետ նաև այս բնագավառում։

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

      Վերոհիշյալ աշխատանքները բերում են մի տրամաբանական լուծման՝ աշակերտների մոտ ձևավորվում է էկոլոգիական ապրելակերպի սկզբունքը։ Այն դառնում է իրենց կենցաղի և առօրյայի մասն ու անբաժան ուղեկիցը։

    Մեր աշակերտներն էլ ավելի շատ են սկսում սիրել իրենց հայրենի եզերքը, երբ սկսում են ճամփորդել։

    Մենք դրանց անվանում էինք էքսկուրսիա , իսկ սեբաստացիներից սովորեցինք ավելի գրագետ ձևակերպումն ու ճիշտ մոտեցումը։ Այսուհետ այն կանվանենք արշավ, ճամբար, որոնք ավելի ճիշտ են բնութագրում մեր կատարած աշխատանքը։

    Համագործակցային աշխատանքի շրջանակում ես նոր բաներ սովորեցի Իվետա Զանազյանից  տարաբնույթ ճամբարների, արշավների կազմակերպման նրբությունները։

Տարաբնույթ ճամբարները /բնապահպանական, ռազմամարզական, հայրենագիտական, գյուղական/ և հայաստանյան տարբեր ուղղություններով արշավները գրավիչ միջավայր են սովորողի, ինչու չէ՝  ծնողի, ուսուցչի համար բացահայտելու ճանաչելու, սիրելու, պահպանելու  հայրենիքը ամեն մի փոքրիկ, գողտրիկ անկյուն։

  • արշավելու- ճամբարելու, լեռնագնացության հմտությունների և կարողությունների փոխանցում սեփական փորձով

Ճամբարներ ու ուսումնական ճամփորդությունները ըստ կրթահամալիրի ուսումնական պլանով համարվում են ուսունմնական գործընթացի բաղկացուցիչ մաս և գրավիչ միջավայր են սովորողների համար։

Ուսումնական ճամփորդությունների բաղկացուցիչ մասն են կազմում՝

  1. Ուսումնական թանգարանները
  2. Պատկերասրահները
  3. Արտադրական կենտրոնները
  4. Գիտա-հետազոտական կենտրոնները
  5. Քայլարշավներ քաղաքամայր Երևանում
  6. Բարձունքի հաղթահարում նախագծերը
  7. Մեկօրյա ուսումնա-հայրենագիտական արշավները քաղաքամայր Երևանից դուրս (հաշվի ենք առնում, որ մեկօրյա ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունը Երևան քաղաքից դուրս չպետք է գերազանցի 100 կմ-ը)

Ուսումնական ճամբարներն են

  1. Արատեսի դպրական կենտրոն
  2. Բնապահպանական ճամբար /օր․՝ Վաղաշեն/
  3. Գյուղական ճամբարներ /Զովաբեր, Ծաղկունք, Արտավան/
  4. Եռօրյա ճամբարներ ՀՀ տարբեր մարզերում, տարածաշրջանում
  5. Կրթահամալիրի ուսպլանով նախատեսված երկրորդ/հունվարյան ճամբար/, չորրորդ/հունիսյան ճամբար/ շրջանի ճամբարներ։
  6. Ուրցաձորի բնապահպանական ճամբար

Նպատակ

     Էկոլոգիական գրագիտությունը ամբողջ կյանքի ուղեցույցը պետք է դառնա յուրաքանչյուր մարդու։ Մենք ապրում ենք մի հրաշք, բայց և փխրուն մոլորակում, որտեղ բնության հավասարակշռության խախտումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մարդկության համար։ Դա պետք է գիտակցի յուրաքանչյուր ոք, մանկուց սիրի բնոիթյունն ու հայրենիքը համարի իր մեծ տունը, որի ամեն մի անկյունի մաքրությունն իր պատասխանատվությունն է։ Աշակերտը պետք է գիտակցի, որ ոչ միայն իր տունն ու բնակարանը, այլև իր շրջապատն ու համայքը պետք է մաքուր պահի, իր միտքն ու հոգին խաղաղ լինի, իսկ դրա համար յուրաքանչյուրիս ջանքերն են կարևոր։

      Սովորողի կրթական (ուսումնական) միջավայրը չի սահմանափակվում միայն դպրոցի տարածքով: Իր շրջակա միջավայրը ճանաչելու, ուսումնասիրելու, հետազոտելու, դիտարկելու, դրա հիման վրա վերլուծություններ անելու հնարավորությունն են տալիս ուսումնական ճամփորդությունները:

       Ուսումնական ճամփորդությունը չի սահմանափակվում միայն տվյալ տարածք այցելությամբ ու ուսումնասիրությամբ: Այն պիտի դառնա դասարան-լաբորատորիայում իրականացվող նախագիծ-թեմայի բաղկացուցիչ:

Խնդիրները՝

  1. Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու)  կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար
  2. Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ (անհրաժեշտ իրեր, ուսապարկի դասավորում)
  3. Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( վայրը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ և հմտություններ
  4. Քայլելու, բարձունք-իջնունք հաղթահարելու կարողություններ և հմտություններ
  5. Գրագետ արշավելու կարողություններ և հմտություններ (օր․՝ խոտածածկ տարածքով մի գծով քայլել, ոտքերի դիրքը իջնելուց-բարձրանալուց)
  6. Կարողանալ քարտեզագրել անցնելիք ուղին, ներկայացնել համապատասխան ուղղության հայրենագիտական կանգառները
  7. Կլիմայական պայմանների որոշում յուրաքանչյուր մարզում, ըստ դրա բխող անհրաժեշտ պատրաստվածություն (հագուստմ, գույք)

Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ

  1. Ճամբարի գործունեությունը ղեկավարում է դպրոցի ղեկավարը: Ճամբարի նախապատրաստական աշխատանքը ղեկավարն սկսում է առնվազն15 օր առաջ (ջոկատների որոշում, ջոկատի ղեկավարների հետ` աշխատակարգի, իրականացվող նախագծերի որոշում)։ Ճամբարի ղեկավարը ճամբարի գործունեությունն սկսելուց առնվազն 1 շաբաթ առաջ կրթահամալիրի տնօրենին է ներկայացնում կատարելիք աշխատանքների ցանկը, դրանց կատարման համար անհրաժեշտ գործիքների ցուցակը, այն սովորողների ցուցակը:
  2. Մասնակիցների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպվում են ծնողների միջոցներով (տնօրենը կարող է հատկացնել նաև այլ գումարներ):
  3. Ճամբարի գործունեության ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում ղեկավարը ներկայացնում է հաշվետվություն, որում ընդգրկվում են հետևյալ հարցերի պատասխանները.
  4. մասնակիցների քանակը` ըստ ջոկատների և ըստ օրերի (ցուցակները կցվում են),
  5. ուսումնական ճամփորդությունների նախապատրաստումը, դրանց հաշվետվությունները (ճամփորդության մեկնողների ցուցակը կցվում է),
  6. նախատեսված և կատարված հանրօգուտ աշխատանքների ցանկը (որտե՞ղ, ի՞նչ աշխատանքներ),
  7. նախատեսված և կատարված հետազոտական աշխատանքների ցանկը,
  8. Ճամբարում կատարված ստեղծագործական-հետազոտական ավարտուն աշխատանքները և մշակված նախագծերը ներկայացվում են սովորողների նախասիրությունների զարգացման ստուգատեսներում:

Անհրաժեշտ իրեր ճամփորդ ճամբարականի համար՝

1.Առաջին օրվա սնունդ (օրապահիկ,  նախաճաշի բրդուճներ, միրգ)

2.Ջուր՝ անհատական շշով
3. Հարմար, թեթև ուսապարկ
4.Անհատական ճամփորդական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ կամ պլաստամսե, մետաղյա անհատական սպասք)
5. Աղբի տոպրակներ(3-5 հատ), ձեռնոց
6. Պահեստային հագուստ, արևապաշտպան գլխարկ, վզակապ
7. Քնապարկ
8. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ,անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուկ, անհատական դեղատուփ
9. Լապտեր
10. Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ

11.Բժշկական արկղիկ

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
բնության մեջ ոչինչ չի թողնում, և չի վերցնում
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր, այլ վնասակար սնունդ

Ճամփորդություններն արտակարգ պայմաններում

2020 թվականի  մարտի 14-ից հանրապետության բոլոր կրթօջախներն անցան հեռավար ուսուցման։ Այս ժամանակ օգնության հասան էլէկտրոնային վիրտուալ ճանապարհորդությունների հարթակները, որոնց միջոցով աշակերտները կարող էին  ուսումնասիրել Հայաստանը, Արցախը, ինչու չէ նաև աշխարհը: Այցելել վիրտուալ թանգարաններ։

     Այս ժամանակից ի վեր Սեբաստացի կրթահամալիրում սկսե գործել հետաքրքիր հայրենագիտական Վիրտուալ ճամփորդություններ նախագիծ, որից օգտվում են նաև մեր դպրոցի աշակերտները։

     Հետագայում էլ, մինչ այսօր կայքեր կան, որ ուսումնական գործընթացի ժամանակ օգտագործում ենք։ /Սոնայի հղումը/

Արշավելու ոսկե կանոններ

Կրթահամալիրի որդեգրած հեղինակային մանկավարժությունում բաղկացուցիչ մասն են կազմում արշավները, սկրթական ծրագրի զարդերից մեկն է, հետևաբար, փորձենք մի քանի կանոններ առանձնացնել։ Ինչքան էլ հետաքրքիր ու գրավիչ լինի ճամփորդելը, ճամբարելը, այն պետք է լինի համակագրված և հմարավորինս պետք է հաշվարկված, հստակեցված լինեն  անվտանգության կանոնները։ Ինչ խոսք, լեռներն ու բնությունը բոլորիս տալիս են անգնահատելի զգացողություններ և էներգիա, սակայն հատկապես լեռնային արշավների ժամանակ, չպետք է ոչ մի պահ կորցնել զգոնությունն ու տրվել պահի վայելքին։ Շատ կարևոր է իմանալ անվտանգության և պահելաձի կանոնները, որպեսզի կարողանաք ստանալ առավելագույն լավ տպավորություններ։
Մենք առանձնացրել ենք պահելաձի  ոսկե կանոնները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը, ով պատրաստվում է մասնակցել արշավի։

  1. Արշավի մասնակցելուց պետք է հասկանալ, որ խմբի ղեկավարը պատասխանատու է մասնակիցներից յուրաքանչյուրի կյանքի համար։ Արշավախմբի ղեկավարը ունենալով բավականին մեծ փորձ, հստակ գիտի՝ ինչպե՞ս վարվել յուրաքանչյուր իրավիճակում։ Եթե որոշել եք արշավի մասնակցել տվյալ արշավախմբի հետ, ապա պետք է վստահեք և խստորեն հետևեք ղեկավարի ամեն մի ցուցումին։
  2. Արշավի առաջնահերթ պայմաններից է շարքով քայլելը։ Չի կարելի առաջ անցնել խմբի ղեկավարից, կամ հետ ընկնել վերջում քայլող ուղեկցորդից։ Ամեն ինչ արվում է Ձեր իսկ անվտանգության համար։
  3. Խմբի հետ արշավի մասնակցելուց միշտ պետք է հիշել, որ խումբը մի օրգանիկ համակարգ է և բոլորս պատասխանատու ենք մեկս մյուսի համար, յուրաքանչյուր ոչ մտածված քայլը՝ կարող է վնասել խմբի մյուս անդամներին։ Միշտ պետք է լինել հանդուրժողական և պատրաստակամ օգնել դիմացինիդ։ Եթե քայլում ենք, ապա քայլում ենք բոլորս, իսկ եթե մեկին պետք է հանգստանալ, ապա դադար ենք առնում բոլորով։
  4. Արշավի ընթացքում կարող են հանդիպել  տարբեր հատապտուղեներ, սնկեր։ Զերծ մնացեք դրանք օգտագործելուց, քանի որ կարող են թունավոր լինել։ 
  5. Մի թողեք աղբ Ձեր հետևից և մի վնասեք բնությունը և մշակութային հուշարձանները: Հավաքված աղբը վերցրեք Ձեզ հետ։

Վերջաբան կամ վերջաբանի փոխարեն

      Հետազոտական աշխատանքում ներկայացրել եմ իմ աշխատանքային 24-ամյա գործունեության ընթացքում կիրառած մոտեցումները։ Նկարագրել եմ, թե ինչու է կարևոր աշակերտներին բնության հետ կապելու հանգամանքը, հատկապես քաղաքաբնակ երեխաների մոտ բնության պահպանության և խնամքի հմտություններ զարգացնելու հրամայականը։ Առողջ երեխան ձևավորվում է միայն բնության հետ ներդաշնակ զարգանալով, իսկ քաղաքային միջավայրը ցավոք շատերին է զրկել նման հնարավորությունից։ Առողջ լինելն էլ իր մեջ ներառում է ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր և հոգեկան առողջությունը։ Մարդը պետք է ներդաշնակ լինի իր հետ, իր շրջապատի և բնության հետ։ Միայն այդ դեպքում մենք կունենանք սիրառատ ու երջանիկ հասարակություն։ Աննկարագրելի է աշակերտի զգացողությունը, երբ ինքն առաջին անգամ իր ձեռքն է վերցնում բահն ու վարդ տնկում։ Երբ իր ձեռքով սոճիի սերմ է տնկում, խնամում և հետո տանում Դիլիջանի անտառում տնկում համագործակից ATP-ի հետ։ Երբ դու, որպես ուսուցիչ տեսնում ես քո աշակերտի կերպարանափոխումը, հասկանում ես, որ քո գործը կարևոր է և աստվածահաճո։

     Հետազոտական աշխատանքս նաև նպատակ ունի կիսվել սեփական փորձով այլ ուսուցիչների հետ և շնորհակալ եմ նաև կրթահամալիրից, որ մեզ նման համագործակցային հնարավորություն տվեց։ Սիրով օգտվեցի Դպիր էլեկտրոնային թերթից։ Իվետա Զանազյանի բլեգում  առանձին բաժին են կազմում արշավային ուղեցույցերը։ Ուղեցույցերում նշված է արշավային ուղղություններ, որ եղանակին  կարելի է արշավել, հեռավորություն, հայրենագիտական կանգառներ և այլն։ Կարծում եմ այն շատ օգտակար կլինի իմ հետագա աշխատանքային գործունեության ընթացքում։

Դպիր ամսագրում փորձեցի հնարավորինս ծանոթանալ գործընկերներիս ճամփորդության վերաբերյալ մեթոդական մշակումներին և հոդվածներին։ Առանձնացնեմ մի քանիսը՝

Ուսումնական ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն -Անահիտ Հարությունյան։ Անահիտը իր չորրորդ դասարանցիների հետ հետաքրքիր ճամփորդական նախագիծ է ներկայացրել աշունը բացահայտելու համար։

Երեխաները ապրում, մեծանում և զարգանում են այն աշխարհում, միջավայրում, որը կա և որը ստեղծել ենք մեծահասակներս: Մեր՝ մեծահասակներիս խնդիրն է ապահովել անվտանգ, զարգացնող, դինամիկ, ստեղծական, ինքնակրթման, ինքնադրսևորման հնարավորություններ տվող կրթական միջավայր (մեդիամիջավայր):

Սովորողի կրթական (ուսումնական) միջավայրը չի սահմանափակվում միայն դպրոցի տարածքով: Իր շրջակա միջավայրը ճանաչելու, ուսումնասիրելու, հետազոտելու, դիտարկելու, դրա հիման վրա վերլուծություններ անելու հնարավորությունն են տալիս ուսումնական ճամփորդությունները: Ըստ ուսումնական պլանի՝ սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ-Լուսինե Գասպարյան 

Լուսինե Գասպարյանի հոդվածում ներկայացվում եմ համագործակցային ճամփորդական նախագծերը, ճամփորդական նախագիծ կազմելու փուլերը։

Համագործակցային նախագծի դեպքում նախագիծն ուղարկում եմ գործընկեր դասվարին, նա էլ է սկսում իր դասարանի հետ պատրաստվել ճամփորդությանը։ Մեր վերջին ճամփորդության ընթացքը հստակ ցույց տվեց, որ նրանք էլ շատ լավ էին պատրաստվել: Նշելու էինք Համբարձման տոնը, տեղյակ էին տոնի բոլոր մանրամասներին, սովորել էին բոլոր երգերն ու պարերը, որոնց տեսանյութերը ես նախօրոք ուղարկել էի: Ճամփորդությունների վայրը հիմնականում ընտրում եմ յուրաքանչյուր ամսվա նախագծերին համապատասխան:
Նախապատրաստական աշխատանքները կատարում ենք դպրոցում կամ տանը՝ ծնողի օգնությամբ:
Ճամփորդության վայրն ընտրելուց հետո համացանցից փնտրում, գտնում ենք տեղեկություններ տվյալ տեղանքի մասին, այդտեղ գտնվող տեսարժան վայրերի, եկեղեցիների, գետերի, սարերի, բնակչության մասին: Սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խումբ ստանում է իր հանձնարարությունը, օրինակ՝

  • տեղեկություն գտնել քաղաքի, գյուղի մասին, տեքստի հետ աշխատել, կարևոր հատվածները դուրս բերել, հրապարակել բլոգներում, ուղարկել իրենց ընկերների էլեկտրոնային հասցեներին, համեմատել գտած տեղեկությունը, սովորել:
  • Հարցեր մշակել, որոնց միջոցով տեղաբնակներից տեղեկություն կստանան նրանց քաղաքի/գյուղի մասին, նրանց սովորույթների, ավանդույթների մասին:
  • Ռադիոլուր պատրաստել կամ տեսանյութ նկարահանել, որոնք պատմում են նախապատրաստական աշխատանքների մասին:
  • Կանոններ մշակել ճամփորդության ընթացքի համար, գործի բաժանում կատարել:

Ճամփորդությամբ ուսուցում։ Այլոց փորձի ուսումնասիրում — Յուրա Գանջալյան

Յուրա Ջանջալյանն էլ ներկայացնում է այլոց փորձը։

Համացանցային որոնումներն ինձ առաջինը տարան Հյուսիսային Կարոլինա նահանգի (ԱՄՆ) LEARN NC հանրակրթական դպրոց, որի ուսումնական ճամփորդությունների կազմակերպման փորձի մասին է պատմում Բոբի Հոբգուդի և Լեսլի Ռիչարդսոնի հոդվածը՝ «Planning a successful (and educational) field trip (Հաջողություն ապահովող ուսումնական ճամփորդության պլանավորումը)»: Նրանք իրենց հոդվածը մի խոստումնալից նախադասությամբ են սկսում. «Աշխարհը կարող է քո դասասենյակը լինել, եթե միայն հանգամանալից պլանավորմամբ երաշխավորում ես, որ ուսումնական ճամփորդությունը սովորողների համար նոր բան սովորելու արդյունավետ փորձառություն է…»:

Այո, աշխարհը քո դասասենյակն է: Սովորելը կարող է և պետք է ամենուր լինի: Հոդվածի հեղինակները պնդում են, որ ուսումնական ճամփորդությունները հազարավոր տարիներ են կրթության մաս կազմել: Բայց իհարկե, նշել, որ հեշտ գործ չէ արժեք ներկայացնող ուսումնական ճամփորդություններ պլանավորելը, իրականացնելը, դպրոցի տնօրենին համոզելը, ծախսերի և սովորողների անվտանգության մասին հոգալը: Այս բոլոր դժվարություններով հանդերձ, լավ պլանավորված և ուսումնական բաղադրիչներով ամբողջականացված ճամփորդությունը նոր բան ընկալելու հսկայական ներուժ է տալիս սովորողներին: Հոդվածի հեղինակները հարցեր են բարձրացնում և իրենք էլ տալիս են դրանց պատասխանները:

     Վերջում մեջբերեմ Ս, Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Մարինե Բադալյանի խոսքերը,

      «Բարոյական աղբի մեջ խեղդվողները աղաղակում են շրջակայքի աղտոտման մասին’ ձեռքի հետ շպրտելով հերթական աղբը և «ժամին բակը թաղվելու» անդորագրեր գրում։

      Հոգևոր աղբի մեջ խեղդվողները շարունակում են դամբարան կառուցելու գործնթացը։     

      Մանուկ վարժեցնողները, ժամանակների փոշուց փռշտաշով, յուրաքանչյուր ներկայում մերժված հնահպատակ ծրագրերով և նոր դասագրքերով ապագա են վարժեցնում, որ ազատ ապրելու հույսեր օրորեն վաղը։

      Իսկ ամեն ակնթարթից հետո այդ վաղը անցյալ դառնալու սահմանն է հատում»։

ՉԼԻՆԵ՛ՆՔ ՄԱՆՈՒԿ ՎԱՐԺԵՑՆՈՂՆԵՐ, ԱՅԼ ԼԻՆԵՆՔ ԻՍԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՔԵՐ

  • armland.am
  • hayrenagitakan.wordpress.com
  • mskh.am
  • Իվետա Զանազյանի բլոգ
  • Շուշան Աշեքսանյանի բլոգ
  • Յուրա Գանջալյանի բլոգ
  • Լուսինե Գասպարյանի բլոգ
  • Dpir.mskh.am
  • Armalp.am
  • Ecolur.org

ՑԱՆԿ

  • Նախաբան
  • Էկոլոգիան կրթության բաղկացուցիչ մաս
  • ՀՀ-ում էկոլոգիական արդի խնդիրներ
  • Էկոլոգիան կրթական գործիք
  • Էկոլոգիական ապրելակերպ
  • Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ
  • Անհրաժեշտ իրեր ճամփորդ ճամբարականի համար
  • Արշավելու ոսկե կանոններ
  • Վերջաբան կամ վերջաբանի փոխարեն
  • Գրականություն, կայքեր

https://wordpress.com/post/arevmiqayelyan.wordpress.com/61

Оставьте комментарий